Հայաստանի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը

Ապրիլի 4-ին լրացավ 30 տարի այն օրվանից, երբ Իսրայելը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Այդ առթիվ երկու երկրների արտաքին գործերի նախարարները ուղերձներ փոխանակեցին։

Իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները նոր սկիզբ դրեցին հայ-իսրայելական համագործակցությանը։ Նա ընդգծեց, որ վերջին երեք տասնամյակները նշանավորվել են բազմաթիվ կարևոր իրադարձություններով, սակայն երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռ լիովին բացահայտված չէ, և վստահություն հայտնեց, որ հետագա համագործակցությունը կկառուցվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն իր նամակում նշեց, որ իսրայելա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նոր հնարավորություն է տալիս ամփոփելու ընդհանուր ձեռքբերումները և անհամբեր սպասելու համագործակցության տարբեր ոլորտներում ընդհանուր նպատակների իրագործմանը։ Նա վստահություն հայտնեց համագործակցության հետագա զարգացման նկատմամբ՝ դրա ներուժը լիովին իրացնելու համար։

Իսրայելն առաջիններից մեկն էր, որ 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը։

Իսրայելում աշխատանքի է անցնում Հայաստանի նոր դեսպանը՝ պրոֆեսիոնալ դիվանագետ Արման Հակոբյանը։ 2022 թվականի ապրիլի 7-ին նա իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ որպես Իսրայել պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը
Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (220) համարում, 2022 թ. ապրիլ։