Սկանդալ Երուսաղեմի Հայկական թաղամասի հողերի շուրջ

Երուսաղեմի Հայկական թաղամասի մոտ 25 տոկոսը օտարվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով։ Այժմ Սուրբ քաղաքի բնակիչները պայքարում են իրենց պատմական հողը պահպանելու համար։

Գործարքի պատճառով Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, ըստ հաղորդումների, մեկուսացել է վանքում։ Գործարքի հետևում կանգնած քահանա Խաչիկ Երեցյանը բանադրվել է և փախել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։ Մայիսի 10-ին, երբ զայրացած երուսաղեմահայերը շրջապատել էին նրա նստավայրը, նախկին քահանան ստիպված էր դիմել իսրայելական ոստիկանության օգնությանը՝ ապահով հեռանալու համար։ Մինչ ցուցարարները անիծում էին Երեցյանին, նրանցից մեկը ծածանում էր Լեռնային Ղարաբաղի դրոշը։

«Այն, ինչ կատարվում է Արցախում, և այն, ինչ կատարվում է այստեղ, շատ զուգահեռներ ունեն»,— «Ազատություն» ռադիոկայանին ասել է ցույցի մասնակից Բեդիգ Կիրակոսյանը՝ հիշեցնելով մտավախությունները, որ շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակիչները շուտով կարող են վտարվել այն հողից, որտեղ ապրել են դարեր շարունակ։ «Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը. կավարտվի 1600-ամյա պատմությունը»,— ասել է նա։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը վիճելի գործարքը կնքել էր մի քանի տարի առաջ, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն վերջերս։ Փաստաթղթում ասվում է, որ Հայկական թաղամասի 25 տոկոսը 99 տարով փոխանցվել է ավստրալիացի-իսրայելցի ներդրողի։ Պատրիարքարանը գործարքի համար մեղադրել է նախկին քահանա Երեցյանին, իսկ Երեցյանը, որն այժմ ապրում է Կալիֆոռնիայում, ասում է, որ իրեն օրենքից դուրս են հայտարարել և պատժել «պատրիարքի ստորագրած փաստաթղթի համար»։ «Մի օր ճշմարտությունը կբացահայտվի»,— ասել է քահանան։ Պատրիարքարանը կտրականապես հրաժարվում է մեկնաբանություններից։

Հայերը Երուսաղեմում հաստատվել են IV դարում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։ Այդ ժամանակվանից ի վեր հազարավոր հայեր են ապրել Սուրբ քաղաքի պարիսպների ներսում, ինչը երուսաղեմահայ համայնքը դարձնում է Հայաստանից դուրս ամենահին հայկական սփյուռքը։ Այսօր Երուսաղեմում ապրում է մոտ 2 հազար հայ, մինչդեռ մեկ դար առաջ, երբ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից փրկված հայերն ապաստան գտան Սուրբ քաղաքում, նրանց թիվը հասնում էր 25 հազարի։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (234) համարում, 2023 թ. հունիս։