Ուրբաթ՝ հունվարի 26-ին, մենք հավաքվեցինք համայնքի գրասենյակում՝ Շաբաթը դիմավորելու, ինչպես նաև Հոլոքոստի կրակում զոհված վեց միլիոն հրեաների հիշատակը հարգելու համար։ Արտասանվեցին բոլոր պատշաճ աղոթքները, խմեցինք Շաբաթի գինին և ճաշակեցինք խալա։
Սովորաբար այդ օրը մենք հավաքվում էինք մեր հուշարձանի մոտ, սակայն այս տարին կատարեց իր շտկումները. եղանակը հարմար չէր դրսում կանգնելու համար, և որոշեցինք զոհվածներին հիշել Շաբաթին։ Իսկ հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, հուշարձանին դրվեցին ծաղկեպսակներ։
Համայնքի անունից ծաղկեպսակ բերեց Թորգոմ Վարժապետյանը, ինչի համար մենք նրան շատ շնորհակալ ենք։ Մեր խորին շնորհակալությունը նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվյե Դեկոտինյիին և ՀՀ-ում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին՝ հուշարձանին դրված ծաղկեպսակների համար։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (242) համարում, 2024 թ. փետրվար։
