Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է ամեն տարի հունվարի 27-ին։ Այս ամսաթիվը պատահական չէ. 1945 թվականի այս օրը խորհրդային զորքերն ազատագրեցին Աուշվիցը (Օսվենցիմ)՝ խոշորագույն նացիստական մահվան ճամբարը, որը դարձավ նացիստական հանցագործությունների խորհրդանիշը։
Հոլոքոստը ֆաշիստական Գերմանիայի՝ հրեա ժողովրդի ոչնչացմանն ուղղված պետական քաղաքականություն էր, որը հիմնված էր ռասայական գաղափարախոսության վրա։
Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում 2005 թվականին։ Այն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կոչ էր արել հավերժ պահպանել Հոլոքոստի զոհերի և նացիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհած զինվորների սխրանքների հիշատակը։ Նրա խոսքով՝ այս հիշատակը պետք է փոխանցվի սերնդից սերունդ, որպեսզի ֆաշիզմի սարսափները չկրկնվեն։
Հրեա ժողովրդի համար այս ողբերգական օրը Հայաստանի հրեական համայնքը ծաղիկներ խոնարհեց Երևանի կենտրոնում կանգնեցված Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (266) համարում, 2026 թ. փետրվար։
