Հայաստանի հրեական համայնքը 30 տարեկան է

Մենք 30 տարեկան ենք

Հայաստանի հրեական համայնքը որպես հասարակական կազմակերպություն գործում է արդեն 30 տարի։ Համայնքը մաս է կազմում Համաշխարհային հրեական կոնգրեսին, Եվրասիական հրեական կոնգրեսի անդամ է, մասնակցում է հանրապետական և միջազգային համաժողովների, համագումարների, գիտական սեմինարների և այլ միջոցառումների։ Համաձայն կանոնադրության՝ համայնքը զբաղվում է մշակութային, կրթական-լուսավորչական և բարեգործական գործունեությամբ։

1996 թվականին համայնքի նախագահ ընտրվեց Ռիմմա Պետրովնա Վարժապետյանը (Ֆելլեր)։ Տիկին Վարժապետյանը Եվրասիական հրեական կոնգրեսի Գլխավոր խորհրդի անդամ է, Ամերիկյան հրեական կոմիտեի տարեկան համագումարի և Վաշինգտոնում անցկացվող Հրեական համայնքների առաջնորդների համաժողովի մասնակից, Եվրոպական հրեական խորհրդարանի պատգամավոր։ Չլինելով քաղաքական կազմակերպություն՝ մեր համայնքն ունի իր քաղաքացիական դիրքորոշումը. Ռիմմա Վարժապետյանը՝ որպես համայնքի նախագահ, բոլոր միջազգային ֆորումներում հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։

Համայնքի մշակութային ծրագրերը ղեկավարում է Ադելինա Լիվշիցը։ Այստեղ երեխաները սովորում են եբրայերեն, հրեա ժողովրդի պատմությունն ու ավանդույթները, երաժշտություն և եբրայերեն երգեր։ Դպրոցի տնօրենը Գ. Մ. Ֆայվուշն է։ Համայնքի անդամները կարող են երեխաներին և երիտասարդներին ուղարկել սովորելու Իսրայելի դպրոցներում և բուհերում՝ «Նաալե», «Սելա» և այլ ծրագրերով։ Համայնքին կից գործում է ուլպան, որտեղ եբրայերեն կարող են սովորել բոլոր ցանկացողները, ոչ միայն հրեաները։ Երիտասարդները կարող են անվճար այցելել Իսրայել «Թագլիթ» երկշաբաթյա ծրագրով։ Հայաստանի հրեական համայնքը տեղեկություններ է տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերի մասին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հայրենադարձվել Իսրայել, ինչպես նաև Հայաստանից Իսրայել անվճար տեղափոխվելու հնարավորություն՝ «Սոխնութ» հրեական գործակալության և հովանավոր կազմակերպությունների հաշվին։

30 տարվա ընթացքում իրականացված նշանակալի նախագծեր և ծրագրեր

1999 թվականին Ծիծեռնակաբերդի այգում մենք արծաթափայլ եղևնի տնկեցինք ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

2002 թվականից համայնքը հրատարակում է «Մագեն Դավիթ» ամսաթերթը, որը ֆինանսավորում են Եվրասիական հրեական կոնգրեսը և ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ 2004 թվականից վարում է կայք։

2006 թվականին համայնքի ուժերով Երևանի կենտրոնում կանգնեցվեց յուրօրինակ «Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերին» հուշարձանը։ Հուշարձանի հեղինակը հայտնի հայ նկարիչ Ռուբեն Արուտչյանն է։

2009 թվականին Երևանի Հաղթանակի զբոսայգում Հրեական համայնքը ստեղծեց Հայաստան-Իսրայել բարեկամության ծառուղին. դրա երկայնքով տնկվել է 60 տնկի (ի պատիվ Իսրայել պետության 60-ամյակի) և տեղադրվել են նստարաններ զբոսնողների համար։ Այստեղ Մեծ հաղթանակի 65-ամյակի տարում համայնքի անդամները տնկեցին «Խաղաղության ծառը»։

2010 թվականին՝ Հայոց ցեղասպանության 95-ամյակի, Մեծ հաղթանակի 65-ամյակի և Ֆրանց Վերֆելի 120-ամյակի առթիվ, մեր համայնքը կազմակերպեց և մեծ հաջողությամբ անցկացրեց երեկո-ռեքվիեմ։ Այդ միջոցառման մասին ֆիլմ է նկարահանվել։

Ռիմմա Վարժապետյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Եղեգիս գյուղում (Վայոց ձոր) վերականգնվեց մեծ պատմական արժեք ներկայացնող միջնադարյան հրեական գերեզմանատունը։ Այդ իրադարձությանը նվիրված էր Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում կայացած գիտական սիմպոզիումը։ Դրա նյութերով, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, համայնքը հրատարակեց «Հայաստանի հրեաները. միջնադար» գիրքը երեք լեզվով՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն։ Դրա շնորհանդեսը մեծ հաջողությամբ անցավ Մատենադարանում, որտեղ վաղուց գործում է հին հրեական ձեռագրերի ցուցադրություն։ Գրքի երկրորդ հրատարակությունը լույս տեսավ Իսրայելի ԱԳՆ-ի աջակցությամբ։

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվեց «Հայաստանի հրեական համայնքը» գիրքը՝ համայնքի անդամների, այն հրեաների մասին, որոնք, ապրելով Հայաստանում, արժանավոր ավանդ են ներդրել նրա զարգացման գործում։ 2020 թվականին Համաշխարհային հրեական կոնգրեսի, Եվրասիական հրեական կոնգրեսի և ՀՀ կառավարության աջակցությամբ լույս տեսավ «Նոյի երկրի հրեաները» գիրքը, որը ստեղծվել է հիմնականում Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերով՝ գիտնականներ Վլադիմիր Ռուժանսկու և Հարություն Խուդանյանի արդյունավետ մասնակցությամբ։

2018 թվականի դեկտեմբերին մենք անցկացրինք գիտաժողով՝ հայ և իսրայելցի գիտնականների մասնակցությամբ, ինչպես նաև «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումը։

Մեր համայնքն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի հասարակական կյանքին։ Համայնքի նկարիչները մշտապես ցուցադրում են իրենց աշխատանքները ազգային փոքրամասնությունների կիրառական արվեստի ցուցահանդեսներում։ Համայնքի երիտասարդները մասնակցում են սպորտային մրցումների և երաժշտական փառատոների։ Մենք նշում ենք բոլոր հրեական տոները։ Համայնքում կա մշտապես համալրվող գրադարան՝ գեղարվեստական և գիտական գրականությամբ։ Համայնքի գրասենյակում միշտ մարդաշատ է. այն այցելում են և՛ համայնքի անդամները, և՛ բազմաթիվ հյուրեր, որոնք գալիս են Հայաստան և ցանկանում են ծանոթանալ Հայաստանի հրեական համայնքին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (214) համարում, 2021 թ. սեպտեմբեր։