Իսրայելական ֆիլմերը «Ոսկե ծիրան» փառատոնում

Երևանի մշակութային կյանքը չի սառում նույնիսկ ամառային շոգ ամիսներին։ Ահա և այս տարի քաղաքի բնակիչները կարողացան իրենց ժամանցը բազմազան դարձնել տարբեր երկրների ռեժիսորների՝ «Ոսկե ծիրան» փառատոնին բերած ֆիլմերի դիտումով։

Հաճելի է հայտնել, որ Իսրայելը նույնպես իր ֆիլմերը ներկայացրեց այս արդեն բավական հեղինակավոր դարձած կինոֆորումին։ Իսրայելի դեսպանության հետ համատեղ «Ֆոկուս. Իսրայել» ծրագրի շրջանակում ցուցադրվեցին Միխալ Վիննիկի «Վալերիան ամուսնանում է», Օրիտ Ֆոքս Ռոտեմի «Սաբայա կինոթատրոնը», Մայա Ռիպի «Մյուս այրին» և Թոմեր Հեյմանի «Դա ես չեմ» ֆիլմերը։

Գնահատականները, իհարկե, ժյուրին է տալիս, բայց պետք է ասել, որ իսրայելական ֆիլմերը հետաքրքիր էին երևանցի հանդիսատեսի համար. ամեն դեպքում, ցուցադրությունները մեծ բազմության ներկայությամբ էին անցնում։

Հայաստանի հրեական համայնքի անդամները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու «Վալերիան ամուսնանում է» ֆիլմի պրեմիերային։ Հրավիրատոմսերը մեզ տրամադրեց Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս պարոն Աշոտ Շահմուրադյանը։ Մեծ շնորհակալություն նրան։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (235) համարում, 2023 թ. հուլիս։