Մենք արդեն մեկ անգամ չէ, որ գրել ենք մեր համայնքի անդամների՝ Բոյախչյանների ընտանիքի թոռան՝ Արսեն Վասիլյանի մասին։ Այս երիտասարդն առիթ է տալիս գրելու իր մասին։ Հավանաբար նրա մեջ առաջնորդի գեն կա, քանի որ նա մրցանակներ է ստանում բոլոր գիտական մրցույթներում, որոնց մասնակցում է։ Ահա և անցյալ տարի Արսենը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից հերթական մրցանակն ստացավ իր ատենախոսության համար։
Եվ այդ ատենախոսական աշխատանքը ներկայացվեց Դիմիտրիս Խորաֆասի հիմնադրամի անցկացրած մրցույթին։ Ամեն տարի այս հիմնադրամը մրցույթ է անցկացնում՝ մրցանակներ շնորհելու ամբողջ աշխարհի 30 լավագույն երիտասարդ գիտնականների։ Եվ 2024 թվականին այդ 30-ից մեկը դարձավ մեր Արսեն Վասիլյանը։ Նա ներկայացվեց միջազգային մրցանակի, և 2024 թվականի նոյեմբերին նրան հանձնվեց պատվավոր մրցանակը։
Դիմիտրիս Ն. Խորաֆասի հիմնադրամը ստեղծել է ամերիկացի հետազոտող, գիտնական, գործարար և բարերար Դիմիտրիս Խորաֆասը 1992 թվականին և այդ ժամանակից ի վեր ամեն տարի գիտական մրցանակներ է շնորհում ինժեներական գիտությունների, բժշկության և բնական գիտությունների ընտրված ոլորտներում ակնառու աշխատանքների համար։ Այն պարգևատրում է հետազոտություններ, որոնք աչքի են ընկնում գործնական կիրառման բարձր ներուժով և առանձնահատուկ նշանակությամբ։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հիմնադրամի գործընկերն է և ամեն տարի իր դոկտորանտ շրջանավարտներից միայն երկուսին է ընտրում՝ մրցանակի ներկայացնելու համար։
Հետաքրքիր էր իմանալ, որ հիմնադրամի գործընկերներ են նաև Իսրայելի երկու համալսարան՝ Երուսաղեմի եբրայական համալսարանը և Վայցմանի գիտական ինստիտուտը։ 2014 թվականի օգոստոսին դոկտոր Խորաֆասը ձեռնամուխ եղավ մի հետաքրքիր նախագծի իրականացմանը՝ Իսրայելի Ռեհովոտ քաղաքում գտնվող Վայցմանի գիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (256) համարում, 2025 թ. ապրիլ։
