Պեսախը համայնքում. շնորհավորանքներ և մացա համայնքի անդամների համար

Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահի շնորհավորանքը

Սիրելի բարեկամներ,

Պեսախի մոտենալու կապակցությամբ ձեզ եմ հղում իմ ջերմ ողջույնները։ Սրտաճմլիկ և անըմբռնելի է, որ մեր եղբայրներից ոմանք երկրորդ Պեսախն էլ կանցկացնեն Գազայում՝ գերության մեջ։ Մենք աղոթում ենք նրանց շուտափույթ վերադարձի համար, և Համաշխարհային հրեական կոնգրեսն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրան օգնելու համար։

Պեսախի տոնը հայտնի է նաև որպես Գարնան տոն՝ տարվա մի եղանակ, որը սովորաբար կապվում է թարմացման և վերածննդի հետ։ Բերրի հողից դուրս եկող նոր աճը և ծաղիկների բացվելը մեզ կապում են ազատագրման և նոր սկիզբների գաղափարի հետ։

Անցած տարին իսկապես դժվար էր Իսրայելում և Ուկրաինայում շարունակվող պատերազմների և ամբողջ աշխարհում, հատկապես համալսարանական կամպուսներում, հակաիսրայելական և հակասեմական տրամադրությունների աճի պատճառով։

Պեսախը նաև հրեա ժողովրդի ինքնության և շարունակականության մասին է։ Մենք վերապատմում ենք, թե ինչպես դարձանք ժողովուրդ՝ փորձելով կապվել մեր նախնիների հետ։ Սա նաև ընտանիքի և համայնքի հետ սերտորեն կապված տոն է, քանի որ ավանդաբար հրեաները Սեդերի սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի և ընկերների հետ։ Համայնքն այն է, ինչին Համաշխարհային հրեական կոնգրեսն առաջնահերթ ուշադրություն է դարձնում, քանի որ մեր նպատակն առաջին հերթին ամբողջ աշխարհի մեր հրեական համայնքներին ծառայելն է։

Հուսով եմ՝ շուտով ձեզնից շատերին կտեսնեմ Համաշխարհային հրեական կոնգրեսի 17-րդ լիագումար վեհաժողովում, որը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 18–20-ը Երուսաղեմում։ Որպես հրեական համայնքների ներկայացուցիչների ամենանշանակալի համաշխարհային հավաք՝ այս միջոցառումը կհամախմբի ավելի քան 100 երկրների պատվիրակների՝ ձևավորելու աշխարհի հրեական համայնքների ապագան։

Իմ և Համաշխարհային հրեական կոնգրեսի ողջ ընտանիքի անունից ձեզ մաղթում եմ խաղաղ և ուրախ Պեսախ։ Թող մենք բոլորս վերջապես այն նշենք ազատության մեջ։

Ռոնալդ Ս. Լաուդեր,
Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ


Նվիրատվական նամակ

Հարգելի՛ տիկին Վարժապետյան,

Պեսախի տոնի նախօրեին Եվրասիական հրեական կոնգրեսն ավանդաբար Հայաստանի հրեական համայնքին նվիրում է 200 կգ քոշեր մացա։ Այս ծիսական բեռն ուղարկվել է Վրաստանի հրեաների միությանը՝ բարեգործական հիմունքներով Ձեզ փոխանցելու համար։

Մացան նախատեսված է Ձեր համայնքի անդամների միջև բաշխելու համար՝ առանց վաճառքի իրավունքի։

Հուսով ենք, որ նույնիսկ այս դժվարին ժամանակ կկարողանաք կազմակերպել Պեսախի անցկացումը։

Ընդունեք Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ պարոն Մ. Մ. Միրիլաշվիլիի և գլխավոր տնօրեն պարոն Խաիմ Բեն Յակովի անձնական շնորհավորանքները։

Խագ Պեսախ սամեախ։

Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ Մ. Մ. Միրիլաշվիլի
Եվրասիական հրեական կոնգրեսի գլխավոր տնօրեն Խաիմ Բեն Յակով


Մեր շնորհակալությունը

Խորին շնորհակալություն ենք հայտնում Եվրասիական հրեական կոնգրեսին՝ Պեսախի տոնին մեր համայնքի համար մացան ժամանակին առաքելու համար։ Մենք հասկանում ենք, որ այսօրվա դժվարին ժամանակներում դա հեշտ չէր իրականացնել, բայց և այնպես Եվրասիական կոնգրեսի մեր գործընկերները դա արեցին։

Բացի այդ, շնորհակալություն ենք հայտնում Թորգոմ Վարժապետյանին, ով մեծ ջանքեր (այդ թվում՝ նյութական) գործադրեց, որպեսզի մացան հասնի տոնական Սեդերին։ Սեդերը սինագոգում անցկացրեց Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։

Մացայի բաժանումը համայնքի անդամներին

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (256) համարում, 2025 թ. ապրիլ։