Քառասուն տարի ձգվող նամակը…

Մի քանի օր առաջ որոշեցի դասավորել իմ արխիվները, որոնք Երևանից էի բերել տատիկիս՝ Պոլինա Լվովնա Շապոշնիկովայի մահից հետո։

Մինչև հոգուս խորքը ցնցված էի, երբ քառասուն տարի անց լուր ստացա նախատատիցս՝ Ֆիրայից (Էսֆիր Սողոմոնովնայից)՝ պապիկիս՝ Յոսիֆ Իսահակովիչ Կոզլիների մորից։

Ցավոք, ես այդպես էլ նրան չտեսա, քանի որ նա մահացավ 1986 թվականին Օդեսայում, իսկ ես այդ ժամանակ ապրում էի Երևանում և սովորում էի տարրական դպրոցում։ Էսֆիր Սողոմոնովնա Կոզլիները (օրիորդական ազգանունը՝ Բուչացկայա) ծնվել էր Կիրովոգրադի մարզում 1894 թվականին և, ինչպես պարզվեց արխիվներից, կարողանում էր գրել և կարդալ եբրայերեն։ Նրա օրագրային գրառումը թվագրված է 1918 թվականով։ Հավանաբար դրանք Թորայից հատվածներ են, Սաղմոսներ։

Հայրիկիս պատմելով՝ նա շատ գթասիրտ և բարի կին էր. նա փրկել է բազմաթիվ հրեա երեխաների Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ 1918–1920 թվականներին տեղի էին ունենում հրեական ջարդեր։ Նա գլխաշոր էր կապում, իրեն ներկայացնում էր որպես ռուս և իր տանը թաքցնում էր հրեա երեխաներին։ Հորեղբորս՝ Վոլոդյայի և հայրիկիս պատմելով՝ նա անհավանական համեղ էր պատրաստում և մինչև վերջին օրերը տնեցիներին հյուրասիրում էր տարբեր համեղ ուտեստներով։

Նրա նամակն ինձ շատ հուզեց, և ես որոշեցի «Նապոլեոն» թխել ի հիշատակ նախատատիս, ում հետ, ցավոք, այդպես էլ ծանոթանալու առիթ չունեցա… Լուսավոր հիշատակ հեռացածներին…

Հատված նամակից՝

«Սիրելի՛ ծոռնուհիս։ Միանգամից չպատասխանեցի, քանի որ հիվանդ էի, հիմա արդեն, փառք Աստծո, ավելի լավ եմ։ Շնորհավորում եմ քեզ հաջորդ դասարան փոխադրվելու կապակցությամբ։ Մեզ մոտ ամեն ինչ նույնն է։ Հպարտանում եմ քեզնով, որ այդքան խելացի ես։ Ուզում եմ, որ դու լինես քո հոր նման։ Մեզ մոտ ամեն ինչ հին ձևով է, և ես անհամբեր սպասում եմ ամռանը, որ դու գաս, որպեսզի ծանոթանամ քեզ հետ։ Երջանիկ եղիր, ամուր գրկում եմ և համբուրում քեզ, քո տատիկ Ֆիրա։

Իմ ջերմ բարևները հաղորդիր մայրիկիդ և հայրիկիդ, ջերմ բարևներ քո քրոջը։ Ամուր համբուրում եմ քեզ՝ տատիկ Ֆիրա։

Մարիշեչկա՛, արի մեզ մոտ՝ մայրիկիդ, հայրիկիդ և Էվելինոչկայի հետ։ Միասին «Նապոլեոն» կթխենք, կնայենք Օդեսան, կլողանանք Սև ծովում, կայցելենք աշխարհի ամենագեղեցիկ թատրոնը»։

Ենթադրաբար՝ 1982–1985 թվականներ։

Մարինա Կոզլիներ

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (261) համարում, 2025 թ. սեպտեմբեր։