Ռիմմա Վարժապետյանի ելույթը Հայաստանի հրեական համայնքի 35-ամյակի տոնակատարությանը

Ներկայացնում ենք Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի ելույթը համայնքի 35-ամյակի տոնակատարությանը։

Հարգելի հյուրեր, սիրելի բարեկամներ։

Մեծ պատիվ է ինձ համար ողջունել ձեզ այսօր՝ այս առանձնահատուկ երեկոյին, երբ մենք միանգամից երկու կարևոր իրադարձություն ենք նշում՝ Հայաստանի հրեական համայնքի 35-ամյակը և հրեական 5787 Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի գալուստը։

Երեսունհինգ տարին պարզապես տարեթիվ չէ։ Դա մարդկանց, ընտանիքների և սերունդների պատմություն է։ Դա հիշողության, սեփական արմատներին հավատարմության և սեփական ինքնությունը պահպանելու կարողության պատմություն է՝ միաժամանակ լինելով այն երկրի անբաժանելի մասը, որը մենք մեր տունն ենք անվանում։

Հրեաների և հայերի պատմությունը հազարամյակներ է հաշվում։ Դրանք երկու հնագույն մշակույթներ են, որոնք անցել են պատմության փորձությունների միջով, պահպանել են իրենց լեզուն, հավատը, ավանդույթները և նախնիների հիշատակը։

Հենց այդ պատճառով մեզ համար հատկապես կարևոր է, որ Հայաստանում հրեական կյանքը զարգանում է հարգանքի, բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում։

Անցած 35 տարիների ընթացքում Հայաստանի հրեական համայնքը մեծ ճանապարհ է անցել։

Մենք ստեղծում և ամրապնդում էինք համայնքային կյանքը, զարգացնում էինք կրթական և մշակութային ծրագրեր, պահպանում էինք հրեական ավանդույթները, նշում էինք տոները, աշխատում էինք երիտասարդների և երեխաների հետ։

Մեզ համար կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչ ժառանգել ենք նախորդ սերունդներից, այլև այդ ժառանգությունը փոխանցել հաջորդ սերնդին։

Հպարտությամբ և երախտագիտությամբ ուզում եմ նշել մեր իրականացրած մի քանի նշանակալի նախագծեր.

  • 2002 թ. — «Մագեն Դավիթ» թերթի հրատարակման սկիզբ,
  • 2006 թ. — Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հուշարձանի տեղադրում,
  • 2010 թ. — «Հրեաները Հայաստանում. միջնադար» գրքի հրատարակում,
  • 2012 թ. — «Հայաստանի հրեական համայնք» գրքի հրատարակում,
  • 2020 թ. — «Նոյի երկրի հրեաները» գրքի հրատարակում,
  • 2016 թ. — մեթոդական նյութի ստեղծում և դասախոսությունների շարքի անցկացում Հայաստանի դպրոցներում և բուհերում,
  • Վայոց ձորի Եղեգիս գյուղի հրեական գերեզմանատան վերականգնում։

Մեր համայնքը և ես անձամբ արժանացել ենք Սփիլբերգի հիմնադրամի պատվոգրին՝ Հայաստանում բնակվող Ազգերի արդարներին գտնելու գործում աջակցության համար։

Հայաստանի հրեական համայնքի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական կառույցներին և մեր բոլոր հայ բարեկամներին՝ հրեական համայնքի հանդեպ հարգանքի, մեր նախաձեռնություններին աջակցելու և մեր կրոնական ու մշակութային կյանքը ազատորեն պահպանելու և զարգացնելու հնարավորության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր երկար տարիներ եղել են Համայնքի կողքին՝ օգնել են, աջակցել են, դռներ են բացել և, ամենակարևորը, դարձել են իսկական բարեկամներ։

Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ Միխայիլ Միրիլաշվիլիին, Եվրասիական հրեական կոնգրեսի գլխավոր տնօրեն Խաիմ Բեն Յակովին, Համաշխարհային հրեական կոնգրեսին, «Սոխնութ» հրեական գործակալությանը և անձամբ Ավի Օֆիրին, «Էվեն Էզեր» կազմակերպությանը, Եվրոպական հրեական կոնգրեսին, «Պիկանտ» ընկերության հիմնադիր Անդրեյ Չալաբյանին, Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին, «Զվեզդա» ընկերության հիմնադիր Իգոր Պոդոլսկուն, մեր մշտական դոնորներ Սամվել Ներսիսյանին, Արտակ և Թորգոմ Վարժապետյաններին, թերթի խմբագիրներ Ադելինա Լիվշիցին և Կարեն Հովհաննիսյանին, Աննա Ղազարովային, Արմեն Խրիմյանին, մեր հաշվապահ Անուշ Գաբրիելյանին։

Շնորհակալությունների ցանկը ձգվում է 35 տարի. դա ջերմացնում է սիրտը և ուժ է տալիս համարձակորեն նայելու ապագային։

Մեր գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իսրայել պետության միջև հարաբերությունների զարգացումը։

Մենք հավատում ենք, որ երկու հնագույն ժողովուրդների պատմական մերձավորությունը կարող է և պետք է իր արտացոլումը գտնի երկու պետությունների արդի հարաբերություններում։

Երկար տարիներ Համայնքը ձգտել է կամուրջ լինել մարդկանց և մշակույթների միջև։ Մենք կազմակերպել ենք «Հայաստան — Իսրայել» գիտական ֆորումը։

Մենք համոզված ենք, որ մարդկային կապերը՝ կրթության, մշակույթի, ակադեմիական համագործակցության և բիզնեսի միջոցով, ամուր հիմք են ստեղծում մեր երկրների հետագա մերձեցման համար։

Համայնքի ևս մեկ կարևորագույն խնդիրը Հայաստանում հրեական մշակութային ժառանգության պահպանումն է։ Հիշողությունը պատասխանատվություն է։

Մենք պարտավոր ենք հիշել նրանց, ովքեր ապրել են այստեղ մեզանից առաջ, պահպանել հրեական պատմության հետ կապված վայրերը, ուսումնասիրել անցյալի փաստաթղթերն ու վկայությունները և այդ գիտելիքները փոխանցել երիտասարդ սերնդին։ Որպեսզի երեխան, որն այսօր Հանուկայի մոմեր է վառում կամ Ռոշ հա-Շանային առաջին անգամ լսում շոֆարի ձայնը, հասկանա՝ ինքը շարունակվող պատմության մի մասն է։

Եվ, իհարկե, երախտագիտության հատուկ խոսքեր՝ մեր Համայնքի անդամներին։

Նրանց, ովքեր պահպանել են իրենց ընտանիքների ավանդույթները։ Նրանց, ովքեր մասնակցել են Համայնքի կյանքին։ Նրանց, ովքեր ներդրել են իրենց ժամանակը, ուժերը և սիրտը։

Համայնքի 35 տարին առաջին հերթին մարդկանց վաստակն է։

Եվ այսօր մենք նշում ենք ոչ միայն հոբելյանը։

Մենք դիմավորում ենք Ռոշ հա-Շանան՝ հրեական 5787 Նոր տարին։

Սա այն ժամանակն է, երբ ընդունված է հետ նայել, գնահատել անցած ճանապարհը և միաժամանակ հույսով նայել առաջ։

Թող նոր տարին խաղաղություն բերի մեր ընտանիքներին, Հայաստանին, Իսրայելին և ողջ աշխարհին։ Թող մեր երեխաները մեծանան մի աշխարհում, որտեղ ուրիշ մարդու հանդեպ հարգանքը բնական է, որտեղ տարբեր մշակույթները ոչ թե բաժանում են մարդկանց, այլ հարստացնում միմյանց։

Ձեզ բոլորիդ, ձեր հարազատներին և մտերիմներին մաղթում եմ բարի գրառում Կյանքի գրքում։

Շանա տովա ու-մետուկա։
Շնորհավոր և քաղցր Նոր տարի։
Լեխայիմ՝ կյանքի կենացը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (273) համարում, 2026 թ. սեպտեմբեր։