Սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցավ Շոայի ֆրանսիական հուշահիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի միջև կոնվենցիայի ստորագրումը։
Արարողությունն անցավ Ֆրանսիայի դեսպանատան դահլիճում։ Դրան մասնակցեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լակոտը, Շոայի հուշահիմնադրամի տնօրեն պարոն Ժակ Ֆրեջին, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլ պաշտոնյաներ։ Հրավիրված էին և մասնակցեցին նաև Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը, նախագահի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը և «Մագեն Դավիթ» թերթի գլխավոր խմբագիր Ադելինա Լիվշիցը։
Կոնվենցիան ըստ էության համագործակցության համաձայնագիր է Շոայի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի միջև։ Դեռ անցյալ տարի Երևան էին եկել հիմնադրամի աշխատակիցները, և ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն, որն այսօր ավարտվեց կարևոր փաստաթղթի ստորագրմամբ։ Այս համաձայնագիրը կնպաստի հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների ուսումնասիրության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների և արխիվային փաստաթղթերի փոխանակմանը։
Շոայի հուշահիմնադրամին է պատկանում Հոլոքոստին վերաբերող 40 000 000 փաստաթուղթ. սա, ի դեպ, Եվրոպայում նման ամենամեծ արխիվն է։ Այդպիսի փաստաթղթերի առկայությունը կօգնի դիմակայել նրանց, ովքեր ժխտում են Հոլոքոստը։ Իսկ այժմ, այսօրվա կոնվենցիայի ստորագրումից հետո, հուշահիմնադրամը կհամալրվի նաև Ցեղասպանության սարսափների մասին փաստաթղթերով։
Միջոցառմանը ելույթ ունեցավ Ռիմմա Վարժապետյանը։ Նա խոսեց այն մասին, թե որքան կարևոր է այնպիսի հիմնադրամների առկայությունը, ինչպիսին Շոայի ֆրանսիական հուշահիմնադրամն է, ինչպես նաև այն մասին, որ մեր համայնքն այստեղ՝ Հայաստանում, ամեն ինչ անում է, որպեսզի Հոլոքոստի սարսափները չմոռացվեն ներկա սերնդի կողմից։ Մենք դպրոցներում սեմինարներ ենք անցկացնում և երեխաներին պատմում այն մասին, ինչ տեղի էր ունենում ընդամենը մի քանի տասնամյակ առաջ։ Դա պետք է հիշել, որովհետև առանց անցյալի չկա ապագա։

