Հայաստանի հրեական համայնքը առեղծվածներից մեկն է ոչ միայն հայոց պատմության, այլև ամբողջ Անդրկովկասի համար։ Ընդունված է կարծել, որ հրեաներին այս կողմերը հրավիրել է հայոց Տիգրան արքան. մեկ այլ վարկածով՝ հրեաները եկել են այստեղ նրանից շատ առաջ։ Ինչևէ, այսօր Հայաստանում պահպանվել է միայն մեկ հնագույն հրեական գերեզմանատուն՝ երկրի հարավում՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում։ Այն գտնելը հեշտ չէ. այն գտնվում է գյուղի ծայրամասում, գետակի մյուս ափին, ուր տանում է հին, երերուն կամուրջը։
Եղեգիս գյուղը շատ գեղատեսիլ է, իսկ այն շրջապատող հզոր լեռները խորը տպավորություն են թողնում։ Գյուղում հրեաներ չեն եղել նույնիսկ խորհրդային տարիներին. ո՛չ սինագոգ, ո՛չ էլ հրեական ժամանակաշրջանի որևէ կառույց՝ միայն հնագույն գերեզմանատունը։
Առանձին գերեզմաններ թվագրված են 1266 թվականով, իսկ ամենա«նորերը»՝ 1346-ով։ Ոչ ոք չգիտի, թե որտեղից են հրեաներն այստեղ եկել և ինչու են հեռացել։ Գերեզմանների վրա դրված քարերը վկայում են, որ գերեզմանատուն այցելում են, գուցե զբոսաշրջիկներ կամ պատմաբաններ. ի տարբերություն քրիստոնեական ավանդույթի՝ հրեաների մոտ ընդունված է գերեզմանին քար դնել։
2000–2003 թվականներին գերեզմանատունն ուսումնասիրեց հայ-իսրայելական գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Մայքլ Սթոունի և դոկտոր Դավիդ Ամիտի ղեկավարությամբ։ Գերեզմանատան վերականգնման և խնամքի նախաձեռնողը Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոսն էր՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Գետակի մյուս կողմում՝ հրեական գերեզմանատան դիմաց, ադրբեջանական գերեզմանատունն է՝ սովորական, XX դարի կեսերի. խորհրդային տարիներին գյուղում ապրում էին և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ։ Հեղինակը գոհունակությամբ նշում է, որ, չնայած պատերազմին, հայերը ձեռք չեն տվել այն. ոչ մի ավերված գերեզման, ոչ մի վանդալիզմ։
Ա. Լապշին, Livejournal (տպագրվում է կրճատումներով)



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (184) համարում, 2019 թ. փետրվար։
